Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը հունիսի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝«Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը:
Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 7-ին` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիսի 9-ին և 11-ին: Այս ներկայացումը աշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, բեմադրվել է 50-ից ավելի երկրներում:
Հեղինակը տեսել է Նարեկ Դուրյանի ներկայացումները և ցանկություն է հայտնել, որ այս պիեսը բեմադրի նաև հայ ռեժիսորը: Փակագծերը շատ չբացելով՝ նշենք, որ ներկայացումը 21-րդ դարի մարդկային «պրոդուկտի» մասին է, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Պիեսը տիպիկ ֆրանսիական իրավիճակային կատակերգություն է, որը Նարեկ Դուրյանն իր ոճով ադապտացրել է հայկական իրականությանը:
Դերասանական կազմը բաղկացած է յոթ հոգուց՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Տաթև Միրումյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան: Ներկայացման պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: